Մի առասպել կա աշխարհաստեղծման այն հին օրերից,
Առասպել ասեմ, թե՞ պատմություն է դեռ չմոռացված.
Երբ Աստված դրախտը ստեղծեց մարդկության միակ բնօրրան,
Սուրբ չորս գետերի այն ակունքներում նա կյանքն արարեց,
Որպես երկնքի ու երկրի միջև փառքի աշտարակ,
Մի սյուն արարեց, անվանակոչեց Լյառն Արարատ,
ՈՒ նրա շուրջը մի պարտեզ ստեղծեց՝ տունն եդեմական
ՈՒ բնակեցրեց իր երախայրիք Ադամ- Եվային,
Վայելքի համար տվեց ամեն ինչ՝ ամբողջ մի պարտեզ,
Բայց իմաստության՝ բարու ու չարի ճանաչողության
Միտքը բանական Աստված թաքցրեց մի ծառի պտղում,
Որ երկրի վրա Արևի լույսն էր իր մեջ ամբարում...
Եվ աստվածային խոսքով հորդորեց իր զավակներին
Վայելել դրախտը, բայց հեռու մնալ պտղից առեղծված....
Օ՜, պտուղը այդ մի ափ արև էր այն ծառից կախված,
Անուշահամ էր և արևաբույր լույս էր ճառագում....
Բոլորս գիտենք,թե ինչպես Օձը Եվային խաբեց
Եվ աստվածային պտուղն արգելված նա ծառից պոկեց...
Դարեր ու դարեր մարդիկ պտուղն այդ խնձոր են կոչել,
Բայց սխալվել են, գուցե՞ կեղծել են. մենք ի՞նչ իմանանք,
Չէր կարող պտուղն այդ խնձորը լինել. փաստարկը պարզ է.
ԾԻՐԱՆՆ է եղել ,Դրախտածառի Հայոց Ծիրանը՝
Ասես արևի լույսով շաղախված զույգ ափ լինեին,
ՈՒ պոկեց Եվան պտուղը դրախտի ու մեկեն կիսեց.
Մի ափը իրեն, մյուսը տվեց անգետ Ադամին։
ՈՒ կերան նրանք պտուղն առեղծված և իմաստնացան....
Եվ այդ օրվանից ու մինչև այսօր Երկիր -Պարտեզն այդ
Մնում է որպես բանական մտքի և իմաստության
Եվ աստվածային արևգույն պտղի օրրանը միակ։
Իսկ պտուղն ուտող Երկիր-Պարտեզի ադամորդիք էլ
Դարձան իմաստուն, դարձան արարող ու դարձան ըմբոստ:
ՈՒ թեև Աստված վտարեց նրանց իր ստեղծած Դրախտից`
Որպես Աստծո պատգամը խախտած ըմբոստ զարմերի,
Դրախտածառի պտուղը կերած ադամորդիքը
Տիտղոսից զրկված երկիրը դարձրին մի նոր դրախտավայր:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
02.03.2015թ.